Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է սիրիական ընդդիմությունը:
Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակել հարձակումը դեպի հարավ։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ռուսական ավիացիան շարունակում է գրոհել այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Ասադի ռեժիմի կողմից։
Ընդդիմության ուժերը գտնվում են Սիրիայի մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Համմայի մոտակայքում գտնվող գյուղական վայրերում, հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
SOHR-ի դիտորդները հայտնել են, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Բաշար Ասադի կառավարությունը զգալի ուժեր է ուղարկել և պաշտպանական գիծ է ստեղծում Թայբաթ Ալ-Իմամ քաղաքում և Հաթաբ և Սուրան գյուղերում՝ Համա նահանգի հյուսիսում, ինչպես նաև Աս-Սուկայլաբիա և Մահրադա քաղաքներում, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում, նահանգի հյուսիս-արևմուտքում:
Կառավարական զորքերը դուրս են եկել Հալեպից: Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է սիրիական ընդդիմությունը, որի գլխավոր տարրերն են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժումը և թուրքամետ կազմավորումները: Բացառություն են կազմում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։
Իդլիբն ու Համման գտնվում են Հալեպից հարավ։ Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են պահպանում Իդլիբ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածի և հարակից նահանգի մեծ մասի նկատմամբ: