ԱԺ-ում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է 2025 թվականի պետական բյուջեի փոփոխված տարբերակը:
Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում դրված ՀՆԱ-ի վերագնահատման ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաև բյուջեի նախագծման հիմքում դրված նոյեմբերի մեկի փոխարժեքով վերահաշվարկելու արդյունքում վերանայվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը:
«2025 թվականի բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնետեսական աճը 5.1 տոկոս, նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ` համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով:
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբeրակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով: Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ-ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով:
Հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով, պաշտոնական դրամաշնորհները ավելացել են 1.6 մլրդ դրամով: Այլ եկամուտների 2.6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների գնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ»,- ասաց նա: