Արդեն երկրորդ շաբաթն է՝ պեղումներ են ընթանում Սյունիքի մարզի հռչակավոր Բաղաբերդ ամրոցում։ Այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել՝ հիմնականում 13-14-րդ դդ․ թվագրվող՝ ջնարակապատ հախճապակե թասերի բեկորներ, ամբողջական կարաս, սափոր, մետաղյա գտածոներ և այլն։
«Շատ հետաքրքիր էր, որ այս գտածոները հայտնաբերվել են պատմահնագիտական մի շերտում, որտեղ տեսանելի են նաև հրդեհի հետևանքները։ Այսինքն՝ մենք ամենայն հավանականությամբ հիմա ուսումնասիրում ենք այն շերտը, որը ցույց է տալիս ամրոցի անկման շրջանը՝ 14-րդ դարը, խոսքը թերևս Լենկթեմուրի 1380-ականների վերջի արշավանքի մասին է, երբ ամրոցը հրդեհվել է, ավերվել ու վերջնականապես լքվել»,- պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը։
Արշավախումբն արդեն պեղումներ է իրականացրել ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել է շուրջ 70 քմ տարածք և մինչև 1․2 մ հողաշերտ։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա կանգնեցված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։ Մուտքի մոտ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մոնումենտալ կառույցի քանդակազարդ քարեր։
Պեղումների նպատակը ոչ միայն հնագիտական ուսումնասիրություններն են, այլև վերականգնման նախագծի մշակումը, ուստի զուգահեռ իրականացվել են չափագրական նախնական աշխատանքներ։
«Նախատեսվում է մասնակի վերականգնում իրականացնել, որովհետև ամբողջական տեսքը հայտնի չէ, նյութեր չկան»,- նշում է վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը։
Ամրակայվելու և մասնակի վերականգնվելու են ամրոցի պարիսպներն ու ներքին շինությունները, աշտարակները, ճեմուղիները։