Ադրբեջանը նյարդայնանում է. ՀԱՊԿ երևանյան նիստերը և «ուղեկցող» մթնոլորտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանում կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի այս նիստերը խորհրդանշական էին նրանով, որ մի կողմից Հայաստանը նախագահում է կազմակերպությունում, մյուս կողմից էլ օրակարգում էր Երևանին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։

Ճիշտ է՝ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում ՀԱՊԿ-ից դժգոհություն կա, որն իրոք տեղին է, բայց ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի անցկացումը Երևանում արդեն իսկ ուղերձ է Ադրբեջանի համար։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանելու նախօրյակին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ։

ՌԴ նախագահը, ըստ երևույթին, Բաքվին հորդորել է զերծ մնալ սադրանքներից և իրավիճակի լարումից։ Բայց հեռախոսազրույցից հետո ադրբեջանական բանակը շարունակեց ինտենսիվորեն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ ու նոր սադրանքների դիմել։ Ըստ էության, այդ սադրանքներն ուղղած էին ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև հենց Ռուսաստանի դեմ։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն ՀԱՊԿ-ի դեմ կրակելու հետ մեկտեղ ՀԱՊԿ որոշ անդամների միջոցով փորձում է ուղղակի խարխլել այդ կազմակերպության գործունեությունը։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է իր գլխավորությամբ թյուրքալեզու պետություններին միավորել միասնական ինտեգրացիոն հովանոցի ներքո։

Թուրքիան ռազմական առումով մուտք է գործել Ադրբեջան և ցանկանում է նաև հաստատվել Միջին Ասիայի թյուրքալեզու պետություններում, որոնց մի մասը ՀԱՊԿ-ի անդամ է։ Բայց համաթյուրքական անվտանգային միջազգային կառույցի ծնունդ տալու համար պետք է հարվածել Հայաստանին ու խարխլել ՀԱՊԿ-ը, այդ գործում Բաքուն լուրջ ծառայություն է մատուցում Անկարային։ Այս ամենի կոնտեքստում ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ը, եթե նույնիսկ առաջնորդվենք զուտ փորձագիտական եզրակացությունների ասպեկտով, արդեն իսկ ընդունել է ադրբեջանական ագրեսիայի փաստը, ինչի արձանագրումն, ըստ էության առկա էր նաև երևանյան նիստերի ժամանակ:

Սա, բնականաբար, չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանին: Բայց, կարծես, ոչ միայն Ադրբեջանին, այլև հայաստանյան որոշ ուժերի: ՀԱՊԿ գագաթաժողովի անցկացումը Երևանում առիթ էր նաև որոշ արևմտամետ շրջանակների համար, որպեսզի ջրեր պղտորեն։ Նրանք փորձեցին «հուժկու» բողոքի ցույցեր կազմակերպել բողոքել ՀԱՊԿ-ի դեմ, Պուտինի դեմ, Ռուսաստանի դեմ, բայց նրանց չհաջողվեց նույնիսկ նորմալ ակցիաներ կազմակերպել։ Ո՛չ մարդաքանակ կար, ո՛չ էլ հասարակության մեջ համապատասխան տրամադրվածություն:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print