Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագորոծությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են: Այդ մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն 110 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև անցած տարի, երբ թվում էր՝ աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ակնաատեսն ենք այդ անդառնալի հետևանքների:
Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին, իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականը՝ ատելության տարածումը, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության:
Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են:
Աշխարհում տիրող իրավիճակը և ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով»,- ասաց նա: