Այսօր լրանում է Ցեղասպանության հանցագործություններ կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 76-ամյակը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ուղերձ է հղել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում, որը ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուա Ժակոբը, նշված է.
«Այսօր լրանում է Ցեղասպանության հանցագործություններ կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 76-ամյակը: Հոլոքոստի աներևակայելի սարսափներից հետո ընդունված կոնվենցիան ցեղասպանության զոհերին և վերապրածներին խոստում է` ապահովելու, որ այդ ոճրագործությունները երբեք չկրկնվեն: Հայաստանը այս կոնվենցիան վավերացրել է անկախությունից 2 տարի անց՝ 1993 թվականին: Դժբախտաբար, պառակտման, անվստահության և բռնության երանգներով պատված այս աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռևս ուղեկցում է մեզ: Հանուն զոհերի և ցեղասպանություն վերապրածների՝ բոլոր կառավարությունները պետք է վավերացնեն և լիարժեք իրականացնեն կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով ոճրագործներին:
Մենք պետք է հզորացնենք կանխարգելման գործիքները, այդ թվում ամրապնդելով միջազգային դատարանի գործիքները, և այժմ ցեղասպանության կոնվենցիան սահմանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը: Կոնվենցիան սահմանում է ցեղասպանությունը որպես գործողություն, որը միտված է մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացնելու որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբ: Այս գործողությունները ներառում են սպանելը այդ խմբի անդամներին, նրանց մարմնական կամ մտավոր լրջագույն ցավ և վնաս պատճառելը, այնպիսի կենսապայմաններ ստեղծելը, որոնք միտված են ոչնչացնելու այդ խմբին՝ արգելելով ծնունդները և այդ երեխաներին բռնի մեկ խմբից այլ խումբ տեղափոխելը: Կոնվենցիան քրեականացնում է լուռ մնալը, ուղղակի և անուղղակի հրահրումն այս ամենի: Մենք պետք է հզորացնենք կանխարգելման գործիքները, այդ թվում` կրթվենք և հակազդենք ապատեղեկատվությանն ու թյուր տեղեկատվությանը, որոնք կարող են նպաստել ատելության խոսքին, ցեղասպան մտադրությունների հրահրմանը և գործողություններին: Լավագույն բանը, որ մենք կարող ենք անել, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, այս ոճրագործությունների դեմ միջոցներ ձեռնարկելն է»: