Հայաստան մատակարարվող գազի գինը 10 տարվա կտրվածքով չի փոխվի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան։

Մանավորապես, ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Նշված 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։

Պատճառն այն է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։

«5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի»,– ասված է կառավարության որոշման նախագծում։

Կառավարությունը կարծում է, որ տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ, արձանագրությամբ նախատեսվում է Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում և ստորագրվել այս տարվա հունիսին։

Կառավարության նիստում այսօր հավանություն արժանանալուց հետո այն կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, ուժի մեջ կմտնի վավերացումից անմիջապես հետո։ Ամենայն հավանականությամբ, առաջին վճարումը ռուսական կողմին կկատարվի արդեն 2023թ–ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print