«Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի․ Սիմիդյան

«Այս պահին թե դատական, թե իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»։

«Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի: Մասնավորապես ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) թույլտվության մասով Ամուլսարը, եթե չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե դատական, թե իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը և հավելեց՝ դա քննությունն է ասում:

Ինչ վերաբերում է հանքը շահագործելու ռիսկերին, ապա, ըստ Սիմիդյանի, ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

«Եթե մենք որևէ գործունեության տեսակ, որը համարում ենք, որ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում, և, ըստ էության, եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, գործունեության ընթացքում պայմաններ ենք ներկայացնում, այդ թվում՝ ասում ենք՝ հարկ կվճարես, որ սուբվենցիա անենք, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս քաղաքականությունը գործելու է նաև Ամուլսարի պարագայում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print