Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print