Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս պայմանագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», — ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստաընկերությանը։ Դեսպանի խոսքով, այս պայմանագրի մշակման ժամանակ հիմնական շեշտը դրվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա»։
Դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարել էր, որ ռուս-իրանական պայմանագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Այն կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում: