Հայաստանը նոր վարկ եւ դրամաշնորհ կստանա

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց  Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2023թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print