Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում այսօր քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:
Երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին՝ Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան հաղորդել էր՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել: