ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 40 մլն դոլար վարկ

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: 

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին և օգոստոսի 8-ին:

Համաձայնագրով Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40 մլն դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով:

Ծրագրի նպատակներն են՝ մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում և ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակությունը:

Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանի էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները և մեծացնելու վերականգնվող էներգետիկայի ծավալները: 

Կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները: Այս ենթակայանները կառուցվել են դեռևս 1960-70-ականներին: Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ:

Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40-ից ավելի տարիներ շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:

Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից:

Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝

— էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում,

— սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը:

Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնե կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ և այլն:

Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը: 

«Ակնկալվում է, որ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մինչև 2028 թվականը: Վարկի մարման ժամկետը 25 տարի է,  որից 15-ը՝ արտոնյալ»,- տեղեկացրեց Ղալեչյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print