Խորվաթիա – Կանադա՝ 4:1
Երեկ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կանադայի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային եւ զրկվեց 1/8 դուրս գալու հնարավորությունից, տեղեկացնում է new.am—ը։
Կանադացիները խաղի հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսի գոլի շնորհիվ։
Խորվաթները պատասխան գոլը խփեցին 36-րդ րոպեին։ Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։
44-րդ րոպեին Խորվաթիային առաջ մղեց խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» 27-ամյա պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։
70-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը դարձյալ օգտագորեց Պերիշիչի փոխանցումը եւ իր երկրորդ գոլը խփեց։
Ավելացված չորրորդ րոպեին խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռեանի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը։
Այսպիսով՝ F խմբում Խորվաթիան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Բելգիային (3 միավոր)։ Կանադան միավոր չունի։
Առաջին տուրում Խորվաթիան 0:0 հաշվով էր խաղացել Մարոկկոյի հետ, իսկ Կանադան պարտվել էր Բելգիային՝ 0:1:
Վերջին տուրում Խորվաթիան դեկտեմբերի 1-ին կխաղա Բելգիայի, Մարոկկոն՝ Կանադայի հետ։