Եկամտի ավելացման դեպքում՝ քաղաքացին հնարավոր է ընտանեկան կամ սոցիալական նպաստ չստանալ

Պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն, օրինակ՝ կենսաթոշակների։

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։

Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.00», այլ՝ «20.00» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00»-ից «20.00» միավորի միջակայքում չի բերել։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում», – պարզաբանել է Մանուչարյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print