«Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ստորև ներկայացնում ենք ԱԳ նախարարի հարցազրույցի կարևոր շեշտադրումները․
- Հայաստանը նախօրեին ստացել է Ադրբեջանի պատասխանը` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին։ Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են:
- Պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության․ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ ու նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա:
- Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա:
- Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականներն ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ՝ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:
- Լեռնային Ղարաբաղում չկան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։