Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժի մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է»,- նշեց վարչապետը:
Վարչապետն ընդգծեց՝ այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի:
«Տեղի ունեցավ շատ ավելի կարևոր մի բան, ստեղծվեց օրենսդրական իրավական լեգիտիմ համակարգ, որը դեռ աշխատելու է այնքան, մինչև բոլոր այդ հարցերը փակվեն: Այդ համակարգը գործելու է միշտ: Ցանկացած մեկը ցանկացած պահի, եթե ժողովրդից գողանա, պետք է իմանա, որ առնվազն գալու է այդ օրը, որ իրենից հետ են վերցնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: