Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Իրանի մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով) առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն հունվարի 31-ին ևս մեկ հաղորդագրություն էր տարածել տեսանյութի առնչությամբ՝ շեշտելով, որ տեսանյութում երևացող անձինք Իրանի քաղաքացիներ են։ ԱԱԾ-ն, անդրադառնալով տեսանյութը տարածողների պնդումներին, թե տեսանյութում ադրբեջանցիներ են, որոնք Երևանի Հանրապետության հրապարակում երգում են, կոչ էր արել զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նաև նույնականացրել էր տեսանյութում երևացող անձանց և հրապարակել նրանց անունները։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print