Առաջիկայում կապահովվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ավելի մեծ ծավալներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհը նախագծած, կառուցող, տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման սկզբում Բադալյանը նախ ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, այնուհետև անդրադարձել ընթացիկ տարվա ծրագրերին։ Նշվել է, որ նախորդ տարի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մեծ տեմպերով, ինչը և ակնկալվում է 2025 թվականին։

Այս համատեքստում ընդգծվել է, որ առաջիկայում շինարարական ընկերությունն է՜լ ավելի է մեծացնելու է իր ռեսուրսները շինհրապարակում, ինչը կապահովի շինարարության ավելի մեծ ծավալներ։

Հանդիպման ընթացքում կապալառու ընկերությունը ներկայացրել է շինարարության ընթացիկ վիճակը և 2025 թվականի աշխատանքային պլանները։ Քննարկվել են նախագծին, տեխհսկողությանը, աշխատանքների պլանավորմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Հատուկ շեշտվել է, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի և բարձր որակով։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը մեկնարկել է 2024 թվականի մայիսին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Նախատեսվում է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ), 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։ Այս պահին կատարվում են 360մ երկարությամբ թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի, կամուրջների հենարանների բետոնացման, հողային և այլ աշխատանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print