«Արցախյան հիմնախնդիրն արդի քաղաքական գործընթացների հոլովույթում»․ այս խորագիրն է կրում ԱՀ խորհրդարանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրված գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են ակադեմիկոսներ, քաղաքագետներ, պատմաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի ուղերձում, որը ներկայացրել է ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է. «Ստեղծված իրողությունների պայմաններում Արցախի Հանրապետության օրակարգային հարցերի կենտրոնում շարունակում է առանցքային մնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ միջազգային հանրության կողմից ճանաչման հարցը»:
Իր խոսքում համաժողովի նախաձեռնումը կարեւորել է նաեւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, համոզմունք հայտնելով, թե այն հետաքրքիր քննարկումների եւ եզրահանգումների հարթակ կհանդիսանա, հնարավորություն կտա գիտագործնական հարթության վրա քննելու ձեռքբերումներն ու թերացումները, հավաքագրելու համապատասխան գնահատականներ եւ առաջարկներ:
Համաժողովին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ողջույնի խոսքը ներկայացրել է նրա խորհրդական Նարինե Աղաբալյանը «Մեր նպատակն է ապահովել Արցախի՝ որպես լիարժեք սուբյեկտի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացներում, Արցախի համար հասնելու միջազգային մեխանիզմներով ապահոված անվտանգության»,- նշել է Ռ. Վարդանյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանն այն համոզմունքն ունի, որ համաժողովում քննարկվելիք հարցերը ոչ մեկին չեն կարող անտարբեր թողնել, քանի որ Արցախը կանգնած է ներքին ու արտաքին սպառնալիքների առջեւ:
«Պետք է աշխարհին ներկայացնել, որ արցախյան հիմնախնդիրը մեկդարյա կոնֆլիկտ է,- զեկուցման մեջ ընդգծել է քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:
Անընդունելի համարելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որը հայաթափման լուրջ վտանգներով է հղի, ԱՀ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը համաժողովում նշել է, թե Հայաստանն ու Արցախը ողջ պատմության մեջ հայտնվել են ամենավտանգավոր վիճակում: «Ունեցել ենք ժամանակներ, երբ պետականության կորուստ են ունեցել, անցել ենք ծանր փորձությունների միջով: Եթե կորցնենք Արցախը, ապա կորցնելու ենք հայոց բնօրրանը, հայոց պետականությունը,- ասել նա։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում