Սյունիքում 337 փոքր տնտեսություն կաթիլային ոռոգման համակարգ ունի

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Մեղրու Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցի 500 քմ հարակից տարածքում WFP-ի աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգին, որն ապահովված է նաև կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով։ 

Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Նռնաձորում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն ներկայացրել են երկկողմ համագործակցությամբ այստեղ կյանքի կոչված ծրագրերն ու առաջիկայում նախատեսված աշխատանքը։ Նռնաձորում ևս ՄԱԿ ՊՀԾ-ի միջոցներով կաթիլային ոռոգում է ապահովվել այգիների մի մասի համար։

Միջազգային այս կազմակերպության աշխատանքի արդյունքում Սյունիքում 337 փոքր տնտեսություն արդեն իսկ կաթիլային ոռոգման համակարգ է ստացել, և ընդհանուր 121,5 հա այս տեխնոլոգիայով ոռոգելի է դարձել։

Հյուրերն այցելել են նաև 150 հա հողատարածք, որը մարզպետի աշխատակազմի՝ ՀՀ կառավարության հետ հետևողական աշխատանքի արդյունքում տարիներ անց վերջապես հատկացվել է Նռնաձորի գյուղացիական կոլեկտիվին․ այն կենսական նշանակություն ունի սահմանամերձ գյուղի տնտեսության զարգացման համար։

«Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը կոոպերատիվին արքայանարնջի ու սալորի տնկիներ է տվել, հողային աշխատանքների նախապատրաստման դեպքում նաև մեմբրանային ջրամբար կտեղադրի։

Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն գործընկերների հետ խորհրդանշական նռան ծառեր են տնկել այստեղ։ WFP-ի հետ քննարկվել են նաև այգիները կաթիլային ոռոգման համակարգով ապահովելու ծրագիրն ու տարածքի կենսունակությանը նպաստող հնարավոր այլ աջակցությունը։

Շրջայցի վերջին կանգառը Շվանիձորն էր, որտեղ WFP-ի ներդրումով դպրոցում ինտենսիվ այգի ու ագրիվոլտանիկ համակարգ է հիմնվել, իսկ բնակիչները կաթիլային ոռոգման համակարգ են ստացել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print