Տաթև-Շինուհայր ճանապարհը կվերանորոգվի 2023 թվականին

Սյունիքի մարզում Տաթև–Շինուհայր ավտոճանապարհը կվերանորոգվի 2023 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ մինչ նոր երթուղու գործարկումը, այս ճանապարհը շարունակում է մնալ միակը, որը Հայաստանը կապում է Իրանի հետ։

«Տաթև–Աղվանի (Մ-2) միջպետական նշանակության ճանապարհի Գորիսի խաչմերուկ–Շինուհայր–Տաթև խաչմերուկի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրված են և այժմ մշակման փուլում են»,– ասված է հաղորդագրությունում։

Դրանց նախապատրաստումից հետո կսկսվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը։ Այսպիսով, ճանապարհի վերանորոգումը պետք է իրականացվի հաջորդ տարի։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ շարունակվում են Սյունիքի մարզի Տաթև-Լծեն մարզային նշանակության ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը ասֆալտապատումից հետո պետք է դառնա Հայաստանն ու Իրանը կապող հիմնական ճանապարհը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ճանապարհի որոշակի հատվածի (9,5 կմ) վերակառուցման աշխատանքները ավարտական փուլում են (մնացել է կահավորումը)։ Երկրորդ հատվածում (10,4 կմ) հողային աշխատանքները կատարվել են 85%-ով, որից 6,6 կմ-ի վրա ասֆալտբետոնի 2 շերտ է տեղադրված, 31 արհեստական կառուցվածքներից էլ 15-ը կառուցվել են։

Շինարարական աշխատանքները շարունակվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print