ԶՊՄԿ «Գտնված երազ»-ն և «Մանկության մոլորակ»-ը հիմնանորոգվում ու վերազինվում են

Քաջարան քաղաքում գործող մանկապարտեզներից երկուսը՝ «Գտնված երազ»-ն և «Մանկության մոլորակ»-ը գործում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ենթակայության տակ։ Մանկապարտեզների առօրյային անդրադարձել է «Սյունյաց Երկիր» թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարի լրացել է «Մանկության մոլորակ» նախակրթարանի կես դարը․ այն գործում է 1972 թվականից։

 «Կյանքը սկսվում է նախադպրոցական համակարգից, աշխատում ենք անմեղ երեխաների հետ և փորձում ենք մենք էլ նույնը մնալ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, եթե երեխայասեր չես, չես կարող այս հաստատությունում աշխատել»,- մանրամասնում է նախակրթարանի տնօրեն  Ռուզաննա Առաքելյանը, ով 1993 թվականից ղեկավարում է այն։

Մանկապարտեզը գործունեությունը սկսեց երկու խմբով, այժմ գործում է հինգ խումբ, 90 տեղանոց մանկապարտեզ 100-110 երեխա է հաճախում:

Այս պահին «Մանկության մոլորակ» նախակրթարանում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, այդ իսկ պատճառով մանկապարտեզի սաները ժամանակավորապես տեղափոխվել են «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Միավորվել են երկու մանկապարտեզը՝ մինչև հիմնանորոգման ավարտը:

«Գտնված երազ»-ը հիմնադրվել է 1990 թվականին, համեմատաբար երիտասարդ կրթօջախ է, բայց ձեռքբերումներ ունի մանուկների նախադպրոցական կրթության կազմակերպման գործում: 2016 թ. հիմնանորոգումից հետո վերստին բացեց դռները՝ հանրապետության այն ժամանակվա նախագահի, բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ:

Նույն թվականից կրթօջախը ղեկավարում է Նաիրա Գևորգյանը:

Տնօրենը տեղեկացնում է, որ նոր է վերադարձել վերապատրաստումից՝ կոմբինատի հովանավորությամբ:

Մանկապարտեզն ունի չորս խումբ՝ մեկ կրտսեր, մեկ միջին և երկու ավագ:

Նաիրա Գևորգյանի խոսքով մանկանը հեռացրել են խաղից, շեշտը դրված է նրան գրաճանաչ դարձնելուն. «Այնուամենայնիվ, անում ենք այն, ինչ մեզնից է պահանջվում, աշխատում ենք հատուկ ծրագրերով, մենք չենք որոշողը, եթե այսօր երեխան տառաճանաչ պիտի գնա դպրոց, դա մեր պարտականությունն է, պարտավոր ենք կատարել վերադասի պահանջները: Նախանշված ծրագրերը պիտի իրականություն դառնան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկապարտեզին Զանգեզուրի ՊՄԿ-ի կողմից վեց միլիոն դրամի ապրանք է հատկացվել՝ ժամանցի պարագաներ՝ բակում տեղադրելու համար՝ սղարան, կարուսել և այլն: Շուտով մանուկների առօրյան ավելի բովանդակալից կլինի և ավելի կմերձենա իր անվանը՝ մանկության մոլորակ:

«Գտնված երազ»-ը և «Մանկության մոլորակ»-ը նաև մեր օրերի համար շատ կարևոր հարց են լուծում՝ կանանց զբաղվածության խնդիրը։

«Երբ 2016 թ. «Գտնված երազ»-ը կրկին բացեց դռները, այստեղ 40 աշխատատեղ բացվեց։ Երիտասարդներ կային, ովքեր կրթություն ունեին, բայց  չէին աշխատում։ Եվ նրանցից չորս տասնյակն ընդգրկվեց նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում։ Այդ հանգամանքն առիթ եղավ, որ այս պարտեզն անվանենք «Գտնված երազ», այսինքն դա մի երազ էր, որ իրականություն դարձավ,- անցած օրերն է վերհիշում Նաիրա Գևորգյանը և հավելում,- իրենց մանկապարտեզի աշխատակիցներն ընդունվեցին հարցազրույցով։ Բացի այդ, նրանք օգտվում են այն բոլոր արտոնություններից, ինչ կոմբինատի աշխատակիցները՝ անվճար բուժում, սոցիալական փաթեթների տրամադրում, ուսանողների ուսման վարձի վճարում և այլն»։

Արդեն նշեցինք, որ այս օրերին երկու մանկապարտեզը մի հարկի տակ են, միասին են իրականացնում մանուկների կրթության և դաստիարակության գործը:

«Այստեղ համերաշխ աշխատում ենք, բայց մեր օրրանը մեզ ձգում է, հուսանք, որ հիմնանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն: Շնորհակալ ենք կոմբինատի ղեկավարությանը, որ ջանում է երեխաների ուսումնադաստիարակության համար իդեալական պայմաններ ստեղծել: Մեզ էլ մնում է ճիշտ դնել հիմքը, մատաղ սերնդին դաստիարակել իր հայրենիքին նվիրվածության ոգով, հայեցի լեզվամտածողությամբ»,- մանրամասնում է Ռուզաննա Առաքելյանը:

Երկու մանկապարտեզն էլ գործում են անվճար հիմունքներով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հոգում բոլոր ծախսերը և տարեցտարի ավելացնում իր ենթակայության ներքո գտնվող երկու մանկապարտեզին հատկացվող գումարները: Դրանք ակներև են, երբ շրջում ես «Գտնված երազ»- ում՝ ճաշակով ձևավորված թեմատիկ անկյուններ, արդիական կահավորված սենյակներ, տարբեր մարզագույքով հագեցած մարզադահլիճ։ Իսկ բակը շուտով կհամալրվի ժամանցի պարագաներով։

Ամենավերջում եղանք «Մանկության մոլորակ» մանկապարտեզում, որը երեք ամիս է, ինչ «Ապառաժ» ՍՊ ընկերության շինարարներին է հանձնված: Կրթօջախի մասնաշենքից միայն պատերն են մնացել: Երևում է, որ միանգամայն այլ տեսքով կընդունի մանկավարժներին և սաներին:

– Շենքի հարևանությամբ էքսկավատորը մի փոս է բացել, այդտեղ հետագայում ապաստարան է լինելու,- տեղեկացնում են շինարարները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print