Աշխարհի առաջնության A խմբից 1/8 եզրափակիչի ուղեգրերը նվաճեցին Նիդերլանդների եւ Սենեգալի հավաքականները, հայտնում է news.am-ը։
Խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդների թիմը մրցեց առաջնության կազմակերպիչ Քաթարի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով։
Երրորդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ «ՊՍՎ Էյնդհովենի» 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը։
Հոլանդացիների երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Այսպիսով, Նիդերլանդների թիմը 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ։
Երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Սենեգալի եւ Էկվադորի հավաքականները։ 2:1 հաշվով առավելության հասան Աֆրիկայի չեմպիոնները։
Սենեգալցիները խաղի հաշիվը բացեցին 44-րդ րոպեին։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Ուոթֆորդի» 24-ամյա հարձակվող Իսմաիլա Սառը։
68-րդ րոպեին Էկվադորի թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Մեքսիկական «Սանտոս Լագունայի» 25-ամյա պաշտպան Ֆելիքս Տորեսի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիական «Բրայթոնի» 21-ամյա կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։
Սակայն արդեն հաջորդ գրոհի ժամանակ Սենեգալի թիմը ստացավ տուգանային հարվածի իրավունք, եւ Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Կալիդու Կուլիբալին խփեց հաղթական գոլը։
Այսպիսով, Սենեգալը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 2002 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա փլեյ-օֆֆում։ Էկվադորը 4 միավորով երրորդն է եւ ավարտեց պայքարը։ Քաթարի թիմը երեք պարտություն կրեց։