Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Այդ մասին որոշման նախագիծն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա վերաբերում է 3 ուղղության:

«Առաջինը՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ։ Հաջորդը՝ դասագրքերի վարձակալության մասով. յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուց­ման չափը տարեկան 3․000 դրամ է»։

Ըստ նախարարի՝ հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024թ. համար, այսինքն՝ ետադարձ ուժով։

Արձագանքելով որոշման նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ այս քաղաքացիները կարող էին ետ ստանալ սոցիալական կրեդիտը մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի ուսման վարձերի պարագայում, նաև՝ առողջապահության ապահովագրության դեպքում։ Այժմ, ըստ նրա, ցանկն ընդլայնվում է. «Կառավարության կողմից սահմանված ուղղություններով ծախսեր անելու դեպքում մարդիկ, հայտարարագիր ներկայացնելուց հետո, իրենց՝ այդ ուղղությամբ արած ծախսերից կարող են ետ ստանալ մինչև 100.000 դրամ»։

«Խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացիների մասին է»,- ասաց վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print