2025 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքներին: Այդ համայնքները Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ համայնքներն են, Արարատի մարզի՝ Մասիս, Արմավիրի մարզի՝ Արմավիր, Արաքս, Խոյ, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Լոռու մարզի՝ Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի՝ Գյումրի, Ախուրյան, Վայոց ձորի մարզի՝ Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի՝ Դիլիջան համայնքները:
Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ելնելով մասնակցային բյուջետավորման խթանման և ավելի մեծ թվով համայնքների ներգրավվածության նպատակահարմարությունից՝ անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականի որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև 2025 թվականի բյուջետային գործընթացում:
«Վերը նշված 21 համայնքներն առաջարկվել են ՏԿԵՆ-ի կողմից, համաձայն որի՝ ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024 թվականին կամավոր, առանց բյուջեից սուբվենցիաների հստակեցման, իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վերոնշյալ համայնքներում գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ համայնքներում ծրագրեր իրականացնելու մի քանի մեխանիզմ կան: Ամենահայտնին սուբվենցիոն մեխանիզմն է, երբ համայնքը Կառավարության հետ որոշակի ծրագիր է հաստատում և իրականացնում: Մյուս մեխանիզմը համայնքի բյուջետավորման շրջանակում իրականացվող ծրագրերն են: Իսկ անցած տարվանից ներառվեց նաև մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը, որի նպատակն է մի խողովակ էլ ստեղծել, որ քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ գործընթաց տեղի ունենա:
Վերոնշյալ բնակավայրերի քաղաքացիներն էլեկտրոնային հարթակում կարող են ներկայացնել առաջարկություն, և ընդունվելու դեպքում ոչ մի պաշտոնյա իրավունք չի ունենա միջամտելու ծրագրի ընթացքին:
«Նախորդ տարի մենք 500 մլն ենք տրամադրել բյուջեից, այս տարի մենք 1 մլրդ ենք տրամադրում բյուջեից»,- ասաց Փաշինյանը՝ նաև տեղեկացնելով, որ համայնքային բյուջեները 2018 թվականից ի վեր կրկնապատկվել են, աճը կազմել է 106 տոկոս: Ըստ Փաշինյանի՝ բացարձակ թվով ՀՀ-ում համայնքների բյուջեները 136 մլրդ դրամով աճել են: