ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները:
«Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը:
«Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն:
«Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը:
«Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը:
«Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը:
Նշենք, որ ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման:
«Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն: