Հայտնի է, թե երբ կանցկացվի ամառային զորակոչը

2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այդ մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

«2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– ասվում է որոշման նախագծի մեջ:

Նշվում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թ. մարտի 1–ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները:

Միաժամանակ, հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Որոշման նախագիծը վաղը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։ Ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print