Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ:
Այդ նպատակով Կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը:
ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները: