ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար

ԵՄ առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունություն ապահովելու հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով է հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում և անտեղի քննադատության ենթարկվում տարբեր երկրների կողմից: Այդ մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում:

«Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 90 տոկոսով համընկնում է:

Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը առաքելության հետ՝ դիմակայելու կեղծ լուրերին:

«Առաքելությունը նաև դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն արժեքային են, ամուր, հեռանկարային և ընդլայնվող:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ առաքելությունը բազմիցս ապացուցել է իր պահանջված լինելը: Վառ օրինակն է անցյալ տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից առաջ առաքելության կատարած աշխատանքը, երբ ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ էին հնչում, և կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման:

«Այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը, և օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print