Աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին F խմբում ընդգրկված թիմերը։
News.am-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ եւ առաջին տեղից դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։
Ճապոնիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց 48-րդ րոպեին գերմանական «Ֆրայբուրգի» 24-ամյա կիսապաշտպան Ռիցու Դոանի գոլի շնորհիվ։ Արդյունավետ փոխանցումը կատարեց ֆրանսիական «Ռեյմսի» 29-ամյա հարձակվող Ձյունյա Իտոն։
3 րոպե անց Ճապոնիայի հաղթական գոլը խփեց գերմանական «Դյուսելդորֆի» 24-ամյա կիսապաշտպան Աո Տանական անգլիական «Բրայթոնի» 25-ամյա կիսապաշտպան Կաորու Միտոմայի փոխանցումից հետո։
Այսպիսով, Ճապոնիան վաստակեց 6 միավոր, իսկ Իսպանիան 4 միավորով նահանջեց երկրորդ տեղ՝ նույնպես նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
Գերմանիայի հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի թիմի նկատմամբ։
Արդեն 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 27-ամյա հարձակվող Սերժ Գնաբրին։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռաումը։
58-րդ րոպեին Կոստա Ռիկայի պատասխան գոլը խփեց Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդան։ 70-րդ րոպեին կոստառիկացիներին առաջ մղեց կոլումբական «Միլյոնարիոսի» 27-ամյա պաշտպան Խուան Վարգասը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, որն աչքի ընկավ 73-րդ եւ 85-րդ րոպեներին։ Ավելացված առաջին րոպեին էլ Բրեմենի «Վերդերի» 29-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը խփեց Գերմանիայի չորրորդ գոլը։