Այս փուլում եկեք զերծ մնանք առաջարկների՝ կողմ, դեմ լինելու հետ կապված գնահատականներից, որովհետև դա քննարկման պրոցես է: Նման 12 դեպք է եղել, և մենք այսօր ունենք առնվազն 15 համաձայնեցված կետ, որը համարում եմ շատ մեծ ձեռքբերում: Եթե կհիշեք՝ ամենասկզբից, երբ խոսակցություն սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը 5 միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը, այսօր՝ երեք անգամ ավելի շատ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կա էսկալացիայի վտանգ, Սիմոնյանը նշեց. «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված՝ պետք է միշտ ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Հայաստանը որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողականորեն շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ չկա. և կարծում եմ՝ պետք է չլինի»։
Նրա խոսքով՝ միշտ պետք է ելնել ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանաչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ, և որևիցե բան չբացառել, սակայն աշխատանքային պրոցեսը միշտ պետք է շարունակվի։