Տրանսպորտային կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք․ Նիկոլ Փաշինյան

ԻԻՀ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Հաշվի առնելով Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված մարտահրավերները՝ խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ընդհանուր քաղաքականությունն այս երթուղու առնչությամբ, ինչո՞ւ դեռևս չի ստորագրվել և ի՞նչ կարմիր գծեր գոյություն ունեն Հայաստանում» հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։

Կարողացա՞ ներկայացնել՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին:

Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է:

Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։

Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։

Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի արևմուտք։

Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս»:

«Որոշ երկրներ ինչ-որ տեսակետ են հայտնել, թե երրորդ երկրներն այս խաչմերուկի ճանապարհները հսկեն կամ ՄԱԿ-ի կողմից լինի: Ո՞րն է Ձեր տեսակետը, ինչպե՞ս եք գնահատում դա»,- վարչապետին հարց է ուղղել իրանցի լրագրողը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է․

«Եթե թարգմանենք քիչ առաջ իմ ասած սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականության լիարժեք հարգում, եթե սա այս թարգմանության միջոցով պատասխանենք Ձեր հարցին, պատասխանը հետևյալն է՝ երրորդ ուժերի մասին խոսակցությունը ներկայության…»։

«Այսինքն՝ նրանք որպես դիտորդներ ներկա լինեն այդտեղ երրորդ երկրի կողմից» դիտարկմանը վարչապետը պատասխանել է․

«Եթե թարգմանենք իմ ասածը, դա նշանակում է, որ երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Ավելին ասեմ, տեսեք՝ շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է հետևյալ հարցին․

«Դուք հայտարարել եք, որ խաղաղության պայմանագիր կստորագրեք Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա չի ստորագրվել»:

«Որովհետև խաղաղության պայմանագրի նախագծում դեռ կան երկու հոդվածներ, որոնց շուրջ դեռ չի հաջողվել գալ համաձայնության, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»:

Նոուրուզի՝ իրանական Նոր տարվա շեմին, վարչապետն իր պատգամն է ուղղել Իրանի ժողովրդին:

«Իրանի ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն, զարգացում, խաղաղություն, երջանկություն, ինչը և ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի ժողովրդին, բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ այն նույնը, ինչ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Եվ իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության իմ գործընկերներին այդ կարևոր տոնի առիթով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print