ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է Բաքվում հայ գերիների շինծու դատավարության հարցը, նշելով, որ ԼՂ նախկին ղեկավարները պայքարել են միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի համար։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ասել եմ, որ ունենք ինֆորմացիա և դա երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, և ՀՀ կառավարությունն ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով։ Մենք շարունակելու ենք ջանքերը՝ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»։
Նա շեշտել է, որ դիվանագիտությունն այս հարցում առաջնորդվում է չվնասելու սկզբունքով. «Մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»։