Աջակցում ենք, որ գնան, սովորեն, բայց գնում են, հետ չեն գալիս. Նիկոլ Փաշինյան

Ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 6-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որպեսզի ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք ուսանող կլինեն օտարերկրյա հեղինակավոր բուհերում (մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում, առաջին 75 բուհերը՝ մագիստրատուրայի դեպքում), այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսման վարձը»,- ասաց նախարարը:

Ծրագրի հիմնական պայմանն է, որ համաֆինանսավորմանը պետք է մասնակցի նաև մասնավորը, այսինքն՝ առևտրային կազմակերպությունը, որը պետք է ունենա առնվազն 100 աշխատող, համաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50 տոկոսով, որից հետո նախատեսվում է, որ պետությունն ամեն տարի առավելագույնը 10 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի:

«Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս թեման Կառավարությանը վաղուց է մտահոգում, որովհետև պետությունը չունի ծրագիր, որն ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա: Այժմ այդ մեխանիզմների փնտրտուքի մեջ ենք:  

««Լույս» հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 տոկոսն է, որ վերադարձել է Հայաստան, և հետևաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համանման գործունեություն պատվիրակել են նաև «Իմ քայլը» հիմնադրամին, բայց կրկին 40 տոկոս չվերադարձելիություն է եղել, և դա խնդիր է:

«Թվում է, թե Կառավարությունը կա՛մ ուղիղ, կա՛մ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան, սովորեն, բայց գնում են, հետ չեն գալիս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է կոնկրետ ընկերությունների աջակցել, որ կարիք ունեն մասնագետ վերապատրաստելու:

Որոշման նախագիծն ընդունվեց, սակայն Կառավարության անդամների քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է մինչև աշուն մոնիտորինգ արվի՝ հասկանալու համար սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը: Եթե կրթություն ստանալուց հետո ՀՀ վերադարձողների և ՀՀ-ում աշխատողների թիվը ցածր է, ապա ծրագիրը չպետք է գործի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print