Արցախից բռնի տեղահանված ընտանիքները լրացուցիչ սոցիալական աջակցություն կստանան

Կառավարությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն՝ օգնելու նրանց հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները։ Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։

Աջակցությունից կարող են օգտվել․ նրանք, ում տվյալներն առկա են ՀՀ կառավարության նախկին աջակցության ծրագրերում, տեղահանվել են 2020-2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով, հաշվառված են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում։

Աջակցությունից չեն կարող օգտվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվողները, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվողները, նրանք, ովքեր ՀՀ-ում ունեն 50 տոկոսից ավելի սեփականություն հանդիսացող բնակելի անշարժ գույք։Աջակցության չափը հաշվարկվելու է ընտանիքի բռնի տեղահանված անդամների թվի հիման վրա. ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ ամսական, երկրորդ և ավելի անդամների համար՝ 10,000 դրամ ամսական։

Բռնի տեղահանված անձինք պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը էլեկտրոնային դիմում ներկայացնեն՝ socservice.am կայքում՝ նշելով անձնական տվյալները և բանկային հաշվի տվյալները։

Տվյալները կստուգվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ համադրելով։Ելնելով թափանցիկությունից և արդարությունից, աջակցությունը կտրամադրվի միայն ՀՀ-ում փաստացի բնակվող անձանց։Նախատեսվում է աջակցություն տրամադրել 3,000 ընտանիքների (ընդհանուր՝ 11,430 շահառուների)։

Աջակցության համար կպահանջվի 1,83 մլրդ դրամ, որը կտրամադրվի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի միջոցներից։Հ Հ կառավարությունն արդեն իրականացրել է մի շարք ծրագրեր բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ, սակայն 2025 թվականի ապրիլից նրանց համար նախատեսված որոշ ծրագրեր դադարելու են։

Այս նոր սոցիալական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի մեղմելու տեղահանված ընտանիքների սոցիալական ծանրաբեռնվածությունը և ապահովելու նրանց սոցիալ-տնտեսական կայունությունը մինչև երկարաժամկետ լուծումների մշակումը։ ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին և ապահովելու նրանց կյանքի որակի բարելավումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print