Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Տեղեկացնում ենք, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, որը բնական է։ Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենալ թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում բնակչության կողմից։

Հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղոդագրություններին։

Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։
Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2ք․մ։

Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։

Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print