Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:
Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։
Tert.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն և որ արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշել է, որ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դեռևս հաղորդում չեն ստացել:
Ավդալյանը միայն ասաց. «Բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող»: