Շարունակելով քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը՝ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված բնակչության շրջանում ՔՊ իրազեկվածության բարձրացմանը:
Մասնավորապես՝ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի հիմնական, Բերդ համայնքի Չինարի և Մովսես բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, Դիլիջան քաղաքի և Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Վերնաշենի, Արինի, Բարձրունու միջնակարգ, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցներում և Եղեգնաձորի վարժարանում։
Միևնույն ժամանակ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 1 և թիվ 4, Բերդ քաղաքի թիվ 1 հիմնական, Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական և թիվ 5 միջնակարգ, Նոյեմբերյան համայնքի Ոսկեվանի և Բաղանիսի, Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի միջնակարգ դպրոցներում, «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում, Արենիի միջնակարգ և Վայքի հիմնական դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել համապատասխանաբար «Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա նշանակությունը», «ՔՊ ազդանշանները և պաշտպանական կառույցները», «Առաջին օգնությունը բեկորային վնասվածքի դեպքում» և «Տարհանման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով դասախոսություններ և սեմինար-պարապմունքներ:
Մարզերում անցկացված իրազեկման միջոցառումների շրջանակներում մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ, որոնք ներկայացնում են արտակարգ իրավիճակներում վարքականոնները՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունն ու պատրաստվածության մակարդակը։