Ուսուցիչների շուրջ 20 տոկոսի աշխատավարձը բարձրացել է՝ կամավոր ատեստավորման միջոցով․ ԿԳՄՍՆ 2024 թ. կատարողական

Բնագիտության և մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն, 40 տոկոսը` միջին շեմը:

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքը։

Նախարարի խոսքով՝ 10 տարեկանների շրջանում բարելավվել են նաև գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու, հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները. անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022 թվականի 47 տոկոսից 2024 թվականին նվազել է շուրջ 20 տոկոսով` դառնալով 28 տոկոս: Երեխաների կեսից ավելին ունեցել է 64,3 տոկոսից բարձր արդյունք. այսինքն` ճիշտ է պատասխանել կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին:

3300 նոր ուսուցիչներ են ընդունվել դպրոցներ

Պետության համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 56 տոկոսն աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում: Նոր ուսուցիչների 32 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, 39 տոկոսը` 31-40 տարեկան:

Կամավոր ատեստավորում է անցել ուսուցիչների շուրջ 20 տոկոսը

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2024 թվականի տարեվերջի դրությամբ համակարգում աշխատում է 6321 կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ, որոնք ստանում են բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: Ընդհանուր առմամբ՝ կամավոր ատեստավորում է անցել ուսուցիչների շուրջ 20 տոկոսը։

«Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը` 56,7 տոկոս»,- ընդգծել է նա:

Դպրոցաշինության ծրագրերի մասին

2021-2024 թվականներին մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով իրականացման տարբեր փուլերում է գտնվում 220 հաստատություն, որոնցից 35-ը` շինարարության փուլում է, 136-ի համար կնքված են շինարարության պայմանագրեր, իսկ 14-ի գծով ծառայությունների գնման գործընթացներ են կազմակերպված: Միաժամանակ, վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: 2021-2024 թվականներին շահագործման են հանձնվել 40 դպրոց, 16 մարզադահլիճ: Դպրոցներում իրականացվում են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ

Սպորտի ոլորտում 2024 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից` 123 ոսկե, 107 արծաթե և 154 բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը` կազմելով 32 տոկոս՝ նախորդ տարվա 28 տոկոսի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13,8 տոկոսը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի կամ 5,6 տոկոսի համեմատ, իսկ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 մեդալ` 18 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե:

Մշակութային կրթության տարի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները, նշել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում բոլոր մարզերում կազմակերպվել են մշակութային էքսպոներ: Նշված միջոցառումներին մասնակցել է 10 մարզի 65 մշակութային կազմակերպություն․ դրանք ունեցել են շուրջ 27,000 այցելու: «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրով թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300,000 աշակերտ, ինչը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում է հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70 տոկոսը:

Մշակութային կառույցներ այցելությունների մասին

Գրադարաններում և թանգարաններում իրականացվել է ավելի քան 1800 կրթամշակութային ծրագիր, որին մասնակցել է շուրջ 38,820 այցելու, ինչը մոտ 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետական և համայնքային թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է` կազմելով շուրջ 1,245 մլն: Արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 763,000: Թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են 2022 թվականի համեմատ` կազմելով շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Ֆինանսավորման նոր մոդելի ներդրում թատերահամերգային կազմակերպություններում

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին, բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, միացել է նաև Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը:

Կազմակերպվել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնը` շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30,000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին։ Նախարարի ներկայացրած զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print