Ստամբուլում բերման են ենթարկել ընդդիմադիր քաղաքապետին

Թուրքիայի իշխանությունները բերման են ենթարկել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նրանց խոսքով՝ ոստիկանության գործողությունը կապված է կոռուպցիոն հանցագործությունների լայնածավալ հետաքննության հետ, գրում է BBC-ն։ Ավելի վաղ խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։

Հաղորդվում է, որ բերման են ենթարկվել քաղաքապետը, նրա մամուլի քարտուղարը և քաղաքապետարանի մոտ 100 աշխատակից: AFP-ն հայտնում է, որ Իմամօղլուն «այժմ գտնվում է ոստիկանության գլխավոր վարչությունում»։

Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։

Ստամբուլի համալսարանն էլ երկուշաբթի չեղյալ է հայտարարել Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը Գլխավոր դատախազության հարցումից հետո, որը կասկածներ է հայտնել նրա լեգիտիմության վերաբերյալ:

Երկրի օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է դառնալ միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print