Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։
Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան (տեսանյութ)։
Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտետնհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը (տեսանյութ)։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ խփել չկարողացան։
Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ)։
Խորվաթիան քառորդ եզրափակիչում կմրցի Բրազիլիա – Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։
Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։