Հայաստանում այս տարի քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, որ շատերը բողոքում են քարտերի տրամադրման հետ կապված խնդիրների, հերթերի պատճառով, իսկ շատ դեպքերում էլ դրանք առհասարակ չեն տրամադրվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ֆիդանյանի խոսքով այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը:
«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշեց նա:
Անդրադառնալով Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին՝ փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն էականորեն աճել են:
«Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»,– ասաց նա:
Ֆիդանյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, համաձայն որի 2021 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ, այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766:
Փոխոստիկանապետը նաև նշեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում կդադարեն կենսաչափական անձնագրեր տրամադրվել։ Որոշումն ընդունվում է, քանի որ 2024 թվականից ոստիկանությունը պատրաստվում է ավելի կատարելագործված կենսաչափական անձնագրեր և ID քարտեր տալ։ Դրանցով կտրամադրվեն նոր սերդնի էլեկտրոնային պետական ծառայանություններ։ Արդեն իսկ ընտրվել են միջազգային խորհրդատուները, մշակվում են էլեկտրոնային նույնականացման նոր համակարգեր։
Մինչ այդ նախատեսվում է ուժի մեջ պահել հին անձնագրերը (առանց կենսաչափական տվյալների)։ Ավելի վաղ դրանց տրամադրումը նախատեսվում էր դադարեցնել 2023 թվականից։