«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը կադրերի պատրաստման հարցին առաջնահերթ կարևորություն է տալիս։ Օրերս ընկերություն էին այցելել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և Արարատ համայնքի ավագ դպրոցի աշակերտները, տեղեկացնում է news.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապագա մասնագիտություն ընտրելու նպատակով դպրոցականներն ու ուսանողները ծանոթացել են Դորե համաձուլվածքի արտադրական և ձուլման գործընթացներին։ Ընդ որում, էքսկուրսավարը նույն դպրոցի շրջանավարտ Գարեգին Ղազարյանն էր, ով «ԳՊՄ Գոլդ» ընկերության սոցիալական և կրթական կրթաթոշակային ծրագրի շրջանակում՝ ավարտելով Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանը, ներկայումս աշխատում է ֆաբրիկայում։
Շրջայցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցավ երկխոսություն ուսանողների և ֆաբրիկայի մասնագետների միջև։
Նշվում է նաև, որ Ընկերությունը ոլորտի մասնագետներ պատրաստելու ծրագրի շրջանակում համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի հետ։ Հայ ուսանողներին բուհեր սովորելու գործուղելուց բացի՝ ընկերության աշխատակիցների հմտությունները բարելավելու նպատակով 2022 թվականից մեկնարկեց «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

