Հնարավոր է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնում է news.am-ը:
Հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջին, որ այդ հանդիպման չպետք է ներկա լինի Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Դուք գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է երեկ տեղի ունեցել, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ:
Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել Բրյուսելում դեկտեմբերի 7-ին, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, որ այդ հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պնդում է, որ հանդիպմանը նախորդի պես ներկա լինի նաեւ Ֆրանսիայի նախագահը: