Մեզ պետք է առավելագույն իրատեսություն․ «Հայաստանի Հանրապետություն»

Ինչ է կատարվում այսօր աշխարհում, աշխարհաքաղաքական ինչ գլոբալ խաղեր են բեմադրվում ու գործարկվում, այդ խաղերը փաթեթավորելու տնտեսական հզորագույն ինչ գործիքներ են կիրառվում, ի վերջո, ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը։ Ինչպես ընդունված է ձեւակերպել՝ «միջին վիճակագրական շարքային քաղաքացին» այս ամենը խորքային հասկանալ չի կարող։ Սա վերաբերում է ոչ միայն մեր, այլ ընդհանրապես տարբեր երկրների հասարակություններին՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս ծավալով։ Հայտարարը զավեշտալիորեն նույնն է՝ հասարակությունները տեղեկատվական այս դարում, բառի բուն իմաստով, զրկված են վերլուծելու կարողությունից, որովհետեւ «զինված» են կեղծ գաղափարներով, երկակին քիչ է ասված, բազմակի ստանդարտներով, շատ, բայց անորակ տեղեկույթով։

Համաշխարհային խնդիրը, սակայն, թողնենք մի կողմ։ Մեզ մեր ցավն է հետաքրքիր ու այդ ցավն ամոքելու եղանակը։ Ճանապարհներն, իհարկե, հայտնի են՝ նախակրթարանից սկսած, երկրի յուրաքանչյուր ոլորտում իրապես բարեփոխումներով ավարտած։ Երկար ճանապարհ է, բայց անհրաժեշտ՝ սերունդների ու հայրենիքի ապագայի համար։ Պետք է գտնել նաեւ կարճ ճանապարհը՝ ապրողների համար։ Ապրողներն են այսօր որոշելու պետության ուղին։ Ներկայիս հասարակությունն ինչքանո՞վ է ունակ երկրի համար բախտորոշ այս պահին ճիշտ որոշումներ կայացնելու։ Պատասխանը թողնենք ընթերցողին։ Բայց հասարակությանը ճիշտ կողմնորոշելու գործում էական դեր ունեն քաղաքական, տնտեսական, գիտության եւ այլ գործիչները, մասնագետները, փորձագետները, լրագրողները… մի խոսքով նրանք, ովքեր խոսք ունեն հանրությանը ուղղված՝ հենց ի շահ այդ հանրության եւ, ի վերջո, ի շահ մեր երկրի։ Շատ կարեւոր է անշուշտ, որ խոսողը, ուղի ցույց տվողը լինի առանց ազդեցության կողմնորոշումների։

Օրինակները բերենք քաղաքատնտեսական ոլորտից։ Այս տարեսկզբից ռուս-ուկրաինական ծավալումներին զուգընթաց  տեսանք Արեւմուտքի կամ Ռուսաստանի հանդեպ հիացական կողմնորոշումներ, կանխատեսումներ եւ Հայաստանի հետ կապված ծավալումներ։ Բնականաբար, մեզ առնչվող մասը հենց այդ կողմնորոշումներից ելնելով էր եւ է ցայսօր (բացառությունների հանդեպ ամենայն հարգանքով), ընդ որում՝ փորձագիտականից մինչեւ պետական մակարդակներում։ Շարքային քաղաքացին էլ այս ամենը «մարսեց» դարձյալ ըստ իր կողմնորոշումների։ Մինչդեռ կարիք կա համահավաք, օբյեկտիվ վերլուծության. իրականում ինչ կտա ռուս-ուկրաինական թնջուկը միջազգային, տարածաշրջանային եւ մեր մասով։ Այս ամենը հասկանալու համար նաեւ պետք է հստակ պատկերացնել արեւմտյան ու ռուսական տնտեսությունների քաղաքականությունները, հնարավորությունները, մեր տնտեսության տրամաբանությունը, թնջուկից ազդվելու ծավալները, ռիսկերը եւ այդ ռիսկերը մեղմելու քայլերը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print