Կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

Հայաստանում կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ Նախագիծը հաստատվեց այսօրվա Կառավարության հերթական նիստում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը, նշեց, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։

«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել` այդ գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,– ասաց Մինասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն էլ հավելեց, որ աշխարհում արտաքին հետախուզության մեթոդները էական փոփոխությունների են ենթարկվում, ու Հայաստանի համար կարևոր է իր կարողությունները դրանց հարմարեցնելը։

«Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»,– ասաց Փաշինյանը։

Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր փաթեթը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը` որպես անհետաձգելի նախաձեռնություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print