Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։
Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը. այն ընդգրկում է 5 համերգ։ Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Երաժշտական այս տոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը և այլք։ Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջորջ Փեհլիվանյանը։
Խաչատրյանական փառատոնի ընթացքում, ինչպես ամեն տարի, նվագախումբը կներկայացնի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը՝ կատարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Վահագն Հայրապետյանը։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։