Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ խաղաղապահները Լաչինում պետք են, և նրանց մանդատի ժամկետը պետք է երկարաձգվի։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Միգուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար։ Այս պահի դրությամբ ԱՄՆ–ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հայտարարություն են արել և, իմ տեղեկություններով, ՌԴ–ն է պատրաստվում նման հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը շատ է սպասում»,–ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով` Ադրբեջանը հաճախ է հայտարարում, որ ուզում է` Արցախի քաղաքացիներն ունենան այն իրավունքները, ինչ իրենց քաղաքացիները։ Սիմոնյանը հարցրեց` ո՞րն է այդ իրավունքը` պատանդի կարգավիճա՞կը, թե՞ անջատված գազը։
«Մեր հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ–ում կան կարմիր գծեր։ Մեզ համար կարմիր գծերը հստակ են,և նման գործողություններով մեզ ոչինչ պարտադրել չի լինի, թեկուզ այն հանգամանքից ելնելով, որ այլևս տեղ էլ չկա ինչ–որ բան պարտադրելու։ Կարծում եմ` իմ ակնարկը տեղ կհասնի և կհասկանան, որ չի աշխատելու այս տարբերակը»,–ասաց Սիմոնյանը։
Վերջինս շեշտեց, որ ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում, որ պետք է լրջորեն զբաղվել միջազգային դիտորդական մանդատի ներդրման մասին, ինչո՞ւ ոչ` Արցախի տարածքում Մինսկի խմբի դիտորդական առաքելություն ունենալու մասին։