ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանք ձեռք բերելու դեպքում, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) կհաշվարկվի և կվճարվի Հայաստանի Հանրապետությունում:
Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ով էլ իր հերթին ներկայացրեց համապատասխան նախագիծը:
«Նախագծերի փաթեթով առաջինը ներդնում ենք էլեկտրոնային առևտրի կանոնակարգումները: Էլեկտրոնային հարթակից դեպի ֆիզիկական անձանց ապրանքի օտարումը հարկվում է, ԱԱՀ-ն հաշվարկում և վճարվում է սպառման երկրի կանոններով: Այսինքն՝ ԱԱՀ-ն առաջանում է այն երկրում, որտեղ ֆիզիկական անձը ձեռք է բերել ապրանքը: Առաջարկում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ մեր ռեզիդենտ ֆիզիկական անձինք են ձեռք բերում ապրանքները, ԱԱՀ-ն հաշվարկվի և վճարվի Հայաստանի Հանրապետությունում՝ անկախ նրանից ՀՀ-ում մշտական հաստատություն առկա է, թե ոչ»,-ասաց Բադասյանը՝ հավելելով՝ այս մասով պետբյուջեի եկամուտները կավելանան: Ըստ Բադասյանի՝ խոսքը նշանակալի գումարի մասին է, որն այսօր շրջանցում է պետբյուջեն:
Անդրադառնալով ԱԱՀ-ին՝ Հովիկ Աղազարյանն հետաքրքրվեց՝ ֆիզիկական ա՞նձն է մուծելու ավելացված արժեքի հարկը, որին ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց՝ էլեկտրոնային հարթակը: Ընդ որում, սա վերաբերվում է ԵԱՏՄ-ում իրականացվող առևտրին: